12:21
Պարույր Սևակ հատված Ինքնակենսագրությունից



Ինքնակենսագրություն գրել նշանակում է վերհիշել անցյալը: Իսկ անցյալի վերհիշումը ոչ այլ ինչ է, քան անցյալին ներկայիս հայացքով նայել, այսինքն ոչ թե տեղափոխվել անցյալ, այլ անցյալը տեղափոխել ներկա. անցյալը ներկայացնել:

Սա անխուսափելի է մանավանդ նրանց համար, ովքեր արվեստագետ կոչվելու պատիվն ու պարտականությունն ունեն, և որոնց համար երեկը դառն ու քաղցր հուշերի օթևան չէ, այլ մտորումների օրրան:

Ուստի և իմ ինքնակենսագրության փորձը պիտի դաոնա ոչ թե հուշերի երեկո, այլ փորձարկման ստուգում:

Ինքնակենսագրություն գրել նաև նշանակում է գաղտնիքներ ասել: Բայց ասված գաղտնիքը ոչինչ չարժի, եթե չի գալիս բացահայտելու գաղտնիքների գաղտնիքը‘ խորհուրդը:

Ուստի և իմ հուշերը պիտի դառնան առիթ խորհրդածությունների, և իմ ինքնակենսագրությունը` փորձ ինքնաթարգմանության:

Բարեբախտություն ունեմ այս էջերը գրելու հենց իմ ծննդավայրում` Հայկական ՍՍՀ Վեդու շրջանի Սովետաշեն (նախկին Չանախչի) գյուղում: Բնությունը` այդ մեծագույն փորձարարը, այսօր տվեց այլակերպության իր հերթական դասը. տեղաց աոաջին ձյունը, որ կարողացավ իր բարությամբ փոքրիշատե մեղմել այս լեռնաշխարհի դիմանկարի խստությունը: Իմ համագյուղացիք իրենց գյուղի մասին առածանման խոսք ունեն. Քառասուն ձոր, ամեն ձորում էլ` քառասուն ձոր: Իսկ որտեղ ձոր, այնտեղ էլ սար: Եվ ահա առաջին ձյունը եկավ այդ քառասուն անգամ քառասուն ձոր ու սարի վայրիվերումները փոքր-ինչ հարթելու: Հողն ու քարը (դժվար է ասել, թե այստեղ սրանցից որն է շատ) հանձնվել են սպիտակի մեղսագործությանը: Միայն տերևաթափ ծառերն են համառաբար ընդգծում իրենց սևը` վանականների պես իրենց հավատարմությունը վկայելով երկնքին...

Բայց միայն ձյունից չէ և միայն այսօր չէ փոխվել իմ ծննդավայրը: Քառասուն տարի առաջ այստեղ հարթ ու հողածածկ տանիք չուներ միայն եկեղեցին: Գարնանը թզաչափ խոտ էր ծփում տանիքների վրա և նրանց մեջ եկեղեցին, իր թիթեղե դեղինով, հիշեցնում էր կանաչի մեջ ծնրած ուղտ: Չլիներ նա` կարելի էր կարծել, թե գյուղն ունի մի ընդհանուր տափակ տանիք. տները մեջք մեջքի էին տվել, հպվել իրար, ինչպես բուքից հալածված անասունները, իսկ եղած ծուռտիկ-մուռտիկ փողոցներն էլ (ամոթ է փողոց ասելը) այնքան էին նեղլիկ, որ Տեառնընդառաջի տոնին չափահաս երեխաները, խարույկների վրայից թռչկոտելով, կրակ էին տանում գյուղի մի ծայրից մյուսը ոչ թե փողոցներով, այլ տանիքների վրայով...

Պատմության կամեցողությամբ հորս կրթությունը վերջացել է գրաճանաչությամբ: Մայրս այդ բախտին էլ չի արժանացել: Հայոց այբուբենի ամենահեշտ գրվող տառը ս-ն է: Եվ փոքրիկ քույրս հաճախ էր մորս հոգին հանում. Բաս գրել էլ չգիտես: Չգիտեր ու չգիտի...

Այդ պատճառով չէր արդյոք, որ ապրածս կյանքի կեսից ավելին (ամբողջ 23 տարի) անցավ ուսման վրա:

Դպրոց գնացի շատ վաղ` 6 տարեկան հասակում, ըստ որում արդեն գրաճանաչ և թվաբանական 4 գործողությանը տեղյակ: Միջնակարգն ավարտեցի գյուղում: Սիրում էի բոլոր առարկաները, այդ թվում նաև ֆիզիկա - մաթեմատիկականները: Դժվարանում եմ ասել, թե ինչն էր ավելի մեծ հաճույք պատճառում. երազած վեպի ընթերցանությունը, թե երկրաչափական խնդիրների լուծումը:

Զարթոնքի տարիներ էին, բայց և դժվարին տարիներ: Չկար թուղթ ու մատիտ: Չկար դասագիրք: Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ հատիկ դասագրքով: Պակասում էին ուսուցիչները, եղածներն էլ`միջնակարգ և նույնիսկ թերի միջնակարգ կրթության տեր: 9-րդ դասարանում, օրինակ, մեր ֆիզկուլտուրայի դասատուն էր որքան հաղթանդամ, նույնքան համակրելի մի երիտասարդ: Նույն այդ երիտասարդը 1Օ-րդ դասարանում ստիպված էր մեզ գրականություն ավանդել: Երեկ` ֆիզկուլտուրա, այսօր` գրականություն: Եվ դասավանդեց. գիշերները ես գրում էի հաջորդ օրվա մեր անցնելիք գրողի կյանքն ու գրական գործունեությունը, և առավոտյան նա թելադրում էր մեզ իմ գրածը, ըստ որում բոլորի հետ մեկտեղ նրա թելադրածը գրում էի նաև ես: Եվ այդպես` կլոր տարին...

Դեռ չէի ածիլվում, երբ ընդունվեցի Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքը` հիասթափեցնելով իմ բոլոր դասատուներին, բացի գրականության ուսուցչից և ... մորիցս, եթե սա իմանար, թե ինչ բան է բանասիրականը և ինչու եմ ընդունվել այդ բաժանմունքը: Ուսուցիչներիցս յուրաքանչյուրը համոզված էր, որ պիտի ուսումս շարունակեմ իր առարկայի խորացմամբ: Գաղտնապահ երեխա էի: Ոչ թե ծածկամիտ, այլ գաղտնապահ: Այն ժամանակ ես չգիտեի, իհարկե, ինքնասիրություն, առավել ևս արժանապատվություն բառերը: Բայց հիմա գիտեմ, որ գաղտնապահությունը պայմանավորվում է այդ հատկանիշներով: Եվ գիտեմ նաև, որ գաղտնապահ երեխաները հետագայում դառնում են շատ անկեղծ և ուղղամիտ մարդիկ...

Եվ գաղտնապահ էի հատկապես մի բանում:

Տասնմեկ տարեկան էի, երբ գրեցի աոաջին ոտանավորս: Եվ ինչի մասին չէր, այլ ում: Զինաիդայի մասին: Այս Զինաիդան էլ դասընկերուհիս չէր, այլ... Տուրգենևի հերոսուհին: Գիրք չկար: Գյուղից գյուղ էինք գնում` գիրք խնդրելու: Կյանքումս մեծ գողություն էլ եմ արել. 3-4 հոգով կտրեցինք շրջակա 3-4 գյուղի դպրոցական գրադարանները` կեսգիշերին, գողության բոլոր կանոնների համաձայն: Գողություն` կարդալու ծարավից: Գլխավորը ես էի: Ու գրքերի մեծագույն մասն էլ ինձ էր հասնում: Ու կարդում էի ամեն ինչ. արգելված Րաֆֆու բզկտված վեպը (կեսն արտագրեցի), Դարվինի Տեսակների ծագումը (կոնսպեկտավորեցի), մենագրություն Դավիդ Ռիկարդոյի և Ադամ Սմիթի մասին (ինչպես հասկանայի) և նույնիսկ... Ռազմական արվեստ (ինչ հասկանայի): Եվ որովհետև այդ օրերին լույս էր տեսել Տուրգենևի Երկեր–ի առաջին հատորը, ուրեմն` նաև Առաջին սեր-ը: Տասնմեկամյա մանուկն ինչ էր հասկացել այդ սքանչելի վիպակից, - դժվարանում է ասել իր 41-ամյա աճորդը: Բայց որ նա իր աոաջին ոտանավորը գրել է ոչ թե տոնածառի, մայիսի 1-ի, կամ մեկ այլ տոնի մասին, այլ տուրգենևյան Զինաիդայի, - սրտաշարժ փաստ չէ:



Կարդում էի…

Ու մերոնք երկյուղում էին, թե... կգժվեմ: Գյուղացիք համոզված էին, որ շատ կարդալուց մարդկանց աչքերին կամ սև ջուր է իջնում, կամ խելքներն են թռցնում: Ծնողներիս վախը կրկնապատիկ էր, որովհետև մեր գյուղացիք համոզված են եղել, որ իմ հայրական պապը... շատ կարդալուց գժվել է: Եվ անհիմն էլ չի եղել նրանց կարծիքը: Պատմում էին, որ նա` եզները լծած, սերմացուն ջորուն բարձած, գնում է վար անելու և ինչ-որ գիրք բացելով` մոռանում է ոչ միայն լծված եզների գոյությունը, այլև այն, որ սերմացուի 8 փթանոց պարկերը չի իջեցրել ջորուց:

Պապիս գժվածության մասին այսօրինակ տասնյակ այլ ապացույցներ էլ էին պտտվում: Բայց հետագայում, 30-ական թվականների վերջերին, նրա հատուկենտ ժամանակակիցները սկսեցին հիշել նույնքան և ավելի ապացույցներ` այս անգամ էլ այն մասին, որ պապս ոչ թե խելագար էր, այլ... համարյա թե մարգարե, որովհետև... օղորմածիկը ինչ որ ասում էր` կատարվեց...

Եվ, հավանաբար, պապեկան այդ արյունն էր շրջում մեջս` ստիպելով գիշերներ լուսացնել ձեռքս ընկած գրքի վրա և վախ ներշնչելով ծնողներիս, թե ես էլ շատ կարդալուց կգժվեմ: Եվ որովհետև նրանց խրատ-հորդորանքը արդյունք չէր տալիս (ես շարունակում էի գժվելու ճանապարհը), ապա անգրագետ մայրս հաճախ էր տեղիք տալիս հետևյալ երկխոսությանը.

- էսքան որ կարդում ես, աչքերիդ մեռնեմ, ինչ պիտի դաոնաս. վարժապետ:

- Բա ի'նչ, - պատասխանում էի ես:

- Ոնց որ էս բոլոր վարժապետները:

- Բա ո¯նց:

- Էհ, կուրանամ ես, չելավ...

- Բա ինչ կուզեիր, որ լինեի:

Մայրս, ինչպես ասացի, անգրագետ է: Նա, բնական է, չգիտեր ոչ գրող, ոչ էլ բանաստեղծ բառերը: Բայց նա ակամա լսում էր իմ ու քրոջս բարձրաձայն ընթերցանությունը, ուստի և գիտեր, օրինակ, Գիքորի տխուր պատմությունը: Այն ժամանակ նա տակավին միտը չէր պահել նույնիսկ Հովհաննես Թումանյանի անունը: Ուստի և իմ Բա ինչ կուզեիր, որ լինեմ հարցին պատասխանում էր.

- Էսքան որ կարդում ես, գոնե դառնայիր էն Գիքոր–ը գրողի պես մարդ:

Ես` գաղտնիքս մեծ - ինքս փոքրիկ, արդեն վաղուց համոզված էի (ոչ թե երազում էի, այլ համոզված էի), որ դառնալու եմ Էն Գիքոր–ը գրողի պես մարդ, այսինքն` գրող կամ բանաստեղծ: Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ... Աստված: Եվ կյանքիս աոաջին մեծ զարմանքն էր, թե որտեղից մայրս իմացավ այն, ինչ հայտնի է միայն Աստծուն: Այն ժամանակ ես չգիտեի, որ եթե բանաստեղծները Աստծու հետ ունեն միջնորդված առնչություն, ապա նրանց մայրերը Աստծուն հաղորդակից են անմիջապես...










Բաժին (Մտքեր) Թեգեր Ինքնակենսագրություն, մտքեր, Պարույր Սևակ, հատված, Սևակ




  • Կարո՞ղ եք կառուցել տուն (տրամաբանական խնդիր)
  • Ինչպես իմանալ,որ ձեզ խաբում են
  • Мы угадали все твои ответы
  • Բազում դառնություններ կանխելով...
  • Հասարակ վարժություն, ոչ ստանդարտ մտածելակերպ զարգացնելու համար

Կլինի շուտով...